Արմինֆո.Հայաստանի դատական իշխանությունը դեռևս 2023 թվականից տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է Վարչական դատարանի աշխատակիցների աշխատավաաարձերի բարձրացման հարցը: Այդ մասին ասվում է Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ՝ Վարչական դատարանի աշխատակիցների հայտարարած գործադուլի առնչությամբ:
«Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ: Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։ Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- ասված է Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ:
Նշենք, որ դատավորների օգնականները, քարտուղարներն ու կարգադրիչները բողոքում են ցածր աշխատավարձից, որը կազմում է 90-100 հազար դրամ: Նրանց խոստացել էին հուլիսի 1-ից բարձրացնել աշխատավարձերըը, սակայն այսօր նրանց հայտնի է դարձել, որ ոչ մի փոփոխություն չի սպասվում։