Արմինֆո. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է Բաքվի բանտերում պահվող Արցախի 15 ներկայացուցիչների նկատմամբ շինծու գործերի քննության ավարտի մասին: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտում կայացած խորհրդաժողովում, այսպես կոչված, քրեական գործերը շուտով կհանձնվեն դատարան:
Նրա ասելով՝ "կալանավորների իրավունքները պահպանվել են՝ միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան։ Այս պահին մեղադրյալներն ու փաստաբանները ծանոթանում են քրեական գործի նյութերին": Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը ։ Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրանք բոլորը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո, որը հաջորդեց ԼՂՀ շուրջ 10-ամսյա շրջափակմանը ։