Արմինֆո.News Media հրատարակչատան գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտնվել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթում։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, պատժամիջոցների ցանկում հայտնվել է 116 ֆիզիկական և իրավաբանական անձ, ռուսական հեղուկ բնական գազի տարանցումը եվրոպական նավահանգիստներով, մի շարք օգտակար հանածոների ներմուծումը: Ցուցակում են նաեւ երկու ավիաընկերություն՝ "Ուրալյան ավիաուղիներ" և "Վոլգա-Դնեպր"։
Սահմանափակումների տակ հայտնված իրավաբանական անձանց թվում են (ընդհանուր առմամբ 47). Բրյանսկի էլեկտրամեխանիկական գործարանը; "Ավտոմատիկա" կոնցեռնը; "Աերոէլեկտրոմաշ" կոնստրուկտորական բյուրոն; Բառնաուլի տրանսպորտային մեքենաշինության գործարանը; Մոսկվայի "Վպերյոդ" մեքենաշինական գործարանը; Լ.Ն.Կոշկինի անվան ավտոմատ գծերի կոնստրուկտորական բյուրոն; «Տալամխո» կոնստրուկտորական բյուրոն; «Սովկոմֆլոտը»; «Մայակ» մեքենաշինական գործարանը; «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնը; Կադիրովի անվան հասարակական հիմնադրամը և Բելառուսի երիտասարդության միությունը:
ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում են նաեւ «Ռոսիմուշչեստվո»-ի ղեկավար Վադիմ Յակովենկոն, Մարիուպոլի նախկին քաղաքապետ Օլեգ Մորգունը, Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեեւը, դերասան Իվան Օխլոբիստինը, երգչուհի Պոլինա Գագարինան, երգիչ Յարոսլավ Դրոնովը (Շաման), միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը: Ցուցակում են հայտնվել նաև 19 չինական և 9 թուրքական ընկերություններ ՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու համար։