Արմինֆո. "Caesar" ինքնագնաց հրետանային կայանքների արտահանման հաջողությունը. Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան պատվիրել են 60 միավոր: Այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն։
"Դրանք մեր տարբեր գործընկերների կողմից արդեն պատվիրված 336-ի հավելում են։ Այս հաջողությունը թույլ է տալիս մեր արտադրողներին շարունակել մեծացնել արտադրության տեմպերը", - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ հունիսի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն ստորագրել է ֆրանսիական Caesar ԻՀԿ-ների (155 մմ ինքնագնաց հրետանային կայանք, որը մշակվել և արտադրվում է ֆրանսիական Nexter ընկերության կողմից) գնման պայմանագիր: Իսկ հունիսի 17-ին Հայաստանի ՊՆ-ից հաղորդել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիր:
Իսկ արդեն հունիսի 19-ին ֆրանսիական Le Figaro պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հաղորդել է, որ Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 Caesar նորագույն ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք նախատեսվում է հանրապետություն մատակարարել 15 ամսվա ընթացքում: