Արմինֆո.Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Գործկոմի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը: "Մենք ողջունում ենք Պաղեստին պետության ճանաչումը Հայաստան պետության կողմից ՝ միջազգային իրավունքին և միջազգային օրինականությանը համապատասխան ։
Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության և մեր պաղեստինցի ժողովրդի ազատագրության և անկախության համար մղվող պայքարի հաղթանակն է: Շնորհակալություն, մեր բարեկամ Հայաստան",-գրել է աշ Շեյխը Twitter-ի իր միկրոբլոգում (Իքս): Նշենք, որ հունիսի 21-ին Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը ։
Պաշտոնական Երևանն ընդգծել է, որ Գազայի հատվածում հումանիտար աղետալի իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունը լուծում պահանջող միջազգային քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերից են: "Տարբեր միջազգային հարթակներում մենք միշտ հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և աջակցում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման "երկու պետությունների" սկզբունքին: Մենք համոզված ենք, որ դա երաշխավորելու միակ միջոցն է, որ պաղեստինցիները և իսրայելացիները կկարողանան իրականացնել իրենց օրինական ձգտումները:
Ելնելով վերոգրյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին ՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը", - ասված է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարության մեջ: Իսրայելը Հայաստանի այդ հայտարարության ֆոնին Հայաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ