Արմինֆո. Հունիսի 19-ին Քիշնևում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից խորհրդակցությունները գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Մոլդովական կողմից ' ԱԳՆ պետքարտուղար Սերջիու Միխովը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ նշեցին բարեկամության վրա հիմնված զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունն ու դրա ակտիվացման հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ: Կարևորվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը։
Մոլդովական կողմին ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետևանքով տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը: Սաֆարյանը Մոլդովական պատվիրակությանը տեղեկացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին, որն ուղղված է տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը: Կողմերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարբեր հարցեր, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման օրակարգը: