


ՀՀ նախագահի կողմից ՀԾԿՀ որոշումը վերանայելու մասին տեղեկությունը, որն ԱրմԻնֆո գործոկալությանը հաղորդվել էր իշխանական որոշակի շրջանակներից, չի համապատասխանում իրականությանը: «Նախագահը նման որոշում չի կայացրել»,-ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է երկրի ղեկավարին մոտ կանգնած իրավասու աղբյուրը:
Ավելի վաղ, իշխանական վերնախավի բարձրաստիճան աղբյուրներից մեկն ԱրմԻնֆո-ին հաղորդել էր, որ ՀՀ նախագահն, իբր, վաղ առավոտյան իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը վերանայվելու է: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են իշխանական շրջանակների աղբյուրները: Աղբյուրը, սակայն, դժվարացել է ասել, թե ինչպես է ձեռք բերվել սակագների նվազեցման վերաբերյալ որոշումը, արդյոք այն համաձայնեցվել է ռուսական կողմի հետ, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ընկերությունն է, և եթե այո, ապա ինչ մակարդակով:
Սակագների հարցում իշխանական կառույցներում, հավանաբար, երկու խմբավորումներ են առաջացել: Մի խումբն ակտիվորեն տեղեկություններ է տարածում, որ սակագների բարձրացման մասին որոշումը կվերանայվի, իսկ մյուս խումբն շտապում է հերքել այդ տեղեկությունները:


