Հայաստանի մարզերը միանում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հանդես եկող ՙՈ’չ թալանին՚ շարժմանը:
Հունիսի 23-ից Երևանին զուգահեռ ակցիաներ են ընթանում Գյումրիում և Վանաձորում: Այսօր ակցիային են միացել Արագածոտնի բնակիչները:
Միջոցառումներից անմասն չի մնացել նաև հայկական Սփյուռքը. էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության մոտ, Ստրասբուրգում, Ֆրանսիայի և Գերմանիայի մի քանի քաղաքներում:
Նշենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակցիայի մասնակիցներին ընդունելու և նրանց հուզող հարցերը քննարկելու պատրաստակամություն է հայտնել, սակայն ակտիվիստները մերժել են նախագահին:
Հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանությունը, օգտագործելով հատուկ տեխնիկա, մասնավորապես`ջրցան մեքենաներ, ցրել է Երևանում`նախագահական նստավայրի մոտ, անցկացվող նստացույցը: Սակայն, դա չի կանգնեցրել ցուցարարներին: Երեկ ուշ երեկոյան ակցիայի մասնակիցներին են մոտեցել ԱԺ պատգամավորները, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայում են գտնվել նաև հանրապետական Սամվել Ֆարմանյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Միջազգային տարբեր կազմակերպություններ և օտարեկրյա որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ քննադատել են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները`կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, հետաքննել բռնության դեպքերը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: