
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում հանրապետությունում տիրող իրավիճակի առնչությամբ միջազգային կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների գնահատականը:
ՙԵս չեմ կիսում նրանց դիրքորոշումն այն առնչությամբ, որ ակցիայի ցրման ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: Բոլոր`նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում նման դեպքերում հատուկ միջոցներ են կիրառվում: Իհարկե, եղել են որոշակի թերություններ, բայց ինչպես բոլորս տեսանք, արդեն ակցիայի երկրորդ օրը դրանք շտկվել են, այնպես որ`այդ առումով, կարծում եմ, միջազգային կառույցները Ոստիկանության գործողությունները քննադատելու փոխարեն, ընդհակառակը, պետք է առաջընթաց նկատեին վերջինիս գործունեությունում՚,- նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ինքը մյուս պատգամավորների օրինակով չի գնացել Բաղրամյան պողոտա և չի խոսել բողոքի ակցիայի մասնակիցների հետ`Շարմազանովւ հայտարարել է, որ ինքը վստահ է եղել Ոստիկանության գործողություններում: ՙՀամոզված էի, որ իրավապահներն անհամաչափ ուժ չեն կիրառի, այդ պատճառով նպատակահարմար չեմ համարել գնալ Բաղրամյան պողոտա՚,-հայտարարել է նա:
ԱԺ փոխխոսնակը քիչ հավանական է համարել երկրում ներքաղաքական լարվածության սրացումը կամ հակառուսական տրամադրությունների ուժեղացումը: ՙԱյնուամենայնիվ, ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է: Ակցիայի մասնակիցները պետք է ընդունեն նախագահի առաջարկը և հանդիպեն նրա հետ, քննարկեն իրենց հուզող հարցերը, և, հնարավոր է, այդ դեպքում իրավիճակից ինչ-որ ելքեր գտնվեն՚,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակցիայի մասնակիցներին ընդունելու և նրանց հուզող հարցերը քննարկելու պատրաստակամություն է հայտնել, սակայն ակտիվիստները մերժել են նախագահին: Հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանությունը, օգտագործելով հատուկ տեխնիկա, մասնավորապես`ջրցան մեքենաներ, ցրել է Երևանում`նախագահական նստավայրի մոտ, անցկացվող նստացույցը: Սակայն, դա չի կանգնեցրել ցուցարարներին: Երեկ ուշ երեկոյան նրանց են մոտեցել ԱԺ պատգամավորները, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայում են գտնվել նաև հանրապետական Սամվել Ֆարմանյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Միջազգային տարբեր կազմակերպություններ և օտարեկրյա որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ քննադատել են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները`կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, հետաքննել բռնության դեպքերը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: