Արմինֆո. Ազգային ժողովի շենքի մոտ իրավիճակը լարվել է։ Ներքին գործերի նախարարության նախազգուշացումից հետո ոստիկանության աշխատակիցներն սկսել են հատուկ միջոցներ կիրառել "Տավուշը հանուն հայրենիքի" բողոքի շարժման մասնակիցների դեմ:
Մասնավորապես, ոստիկանները սկսել են լուսաձայնային նռնակներ կիրառել։ Ընդհանուր առմամբ, կիրառվել է մոտ 10 նռնակ ։ Ոստիկանության առաջին շարքերում եղել է հատուկ նշանակության ջոկատը։ Ցուցարարներն ու ոստիկանները շշեր ու քարեր են նետել միմյանց վրա։
Ոչ պակաս լարված իրավիճակ է ստեղծվել նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Լարվածությունն իր գագաթնակետին է հասել, երբ ոստիկանները թույլ չեն տվել նիստերի դահլիճ մուտք գործել ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանին, Աննա Մկրտչյանին, Ասպրամ Կրպեյանին և Գառնիկ Դանիելյանին։ Արդյունքում՝ քաշքշուկ է սկսվել, և ոստիկանությունն սկսել է վահաններով հետ մղել ցուցարարներին։ Ոստիկանները նաև սկսել են զանգվածաբար բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Այդ ֆոնին "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել ակցիայի մասնակիցներին չտրվել սադրանքների և հետ քաշվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, իր հերթին, արդարացրել է ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը: Նա Բագրատ Գալստյանին մեղադրել է ոստիկանների վրա հարձակումներ հրահրելու համար, ինչից հետո ակտիվիստները սկսել են ճեղքել խորհրդարանի շենքի շրջափակումը։ "Բագրատ Գալստանյանը փողոցում հայտարարեց, որ մենք այստեղ, իբր, իրար ծեծում ենք՝ մարդկանց հրահանգելով հարձակվել ոստիկանության վրա։ Ոստիկանությունը արդարացիորեն օգտագործել է նռնակներ։ Այս ամենը վաղուց է կազմակերպվել և ծրագրվել", - ընդգծել է Ազգային ժողովի նախագահը: