Արմինֆո.Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովն ավարտել է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նա Հայաստան էր ժամանել 2021 թվականի ապրիլին։ Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը ներկայացրել է դեսպանի խոսքը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ.
«Հարգելի բարեկամներ, ինձ պատած բազմաբնույթ հույզերով տեղեկացնում եմ, որ ավարտված է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպանի իմ առաքելությունը։
Ավարտելով դիվանագիտական առաքելությունս Երևանում՝ կարող եմ հանգիստ անվանել այն լուսավոր, իրադարձություններով լի և արդյունավետ շրջան իմ մասնագիտական և անձնական կյանքում։ Ես տուն եմ վերադառնում Հայաստանից շատ դրական տպավորություններով։ Երախտապարտ եմ հայերին, որ օգնեցին ինձ ավելի լավ ծանոթանալ իրենց երկրի հնագույն, հարուստ պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին, զարգացրեցին սերը Հայաստանի նկատմամբ։
Հայեր, դուք հիասքանչ եք։ Ինձ հնարավորություն ընձեռվեց Հայաստանում շփվելու և աշխատելու իրական մասնագետների, ինչպես նաև ընկերների հետ, որոնց հետ համատեղ ամրապնդեցինք մեր երկրների միջև գործընկերությունը՝ հաստատելով երկկողմ համագործակցության նոր արդյունավետ մեխանիզմներ։
Հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում Բուլղարիայի Հանրապետության կառավարության անմիջական մասնակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել մարդու իրավունքների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում, որոնք նպաստել են վերոնշյալ ոլորտների մակարդակի բարձրացմանը՝ Հայաստանում արժանիորեն ներկայացնելով Բուլղարիան։ Ինձ համար պատիվ էր ներկայացնել Բուլղարիան բարեկամական Հայաստանում։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր ողջ դիվանագիտական անձնակազմին, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցներին աջակցության համար, որն ինձ ոգեշնչում էր և ուժ ու վստահություն տալիս առաջ գնալու համար։ Առաքելությունն ավարտված է: Հաջողություն եմ մաղթում»: