Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնության փոխանցման և այնտեղ Ռուսաստանի հասցեին անթույլատրելի արտահայտությունների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան "ռուսական ագրեսիայի դեմ" պայքարում Ուկրաինայի հետ Հայաստանի համերաշխության մասին պատվիրակության հայ անդամների հայտարարությունը մեկնաբանելու ռուսական ԶԼՄ-ների խնդրանքին։
"Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա գնահատում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ։ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնության փոխանցման եւ այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի արտահայտությունների կապակցությամբ բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ: "Հանրապետություն" արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակից Տիգրան Տեր-Մարգարյանի նման գործչից այլ բան չէինք էլ սպասում։ Ցավալի է, որ դրան համերաշխություն են հայտնում Հայաստանի իշխանությունները", - ասել է Զախարովան, որի խոսքերը մեջբերվում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Բուչա քաղաքի վարչակազմը հրապարակել էր լուսանկարով հաղորդագրություն, որի համաձայն, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել են Ուկրաինայի Բուչա քաղաք: Հայաստանի պատվիրակությունը նաև մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմին։