Արմինֆո. Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ գոյություն չունեն։ Նման կարծիք է հայտնել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով միջազգային լրատվամիջոցների հարցերին։
Նա իր գնահատականները պայմանավորել է այն հանգամանքով, որ այսօր Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է հարկադրանքի և սպառնալիքների լեզվով։ "Եվ վերջին իրադարձությունները դրա մասին են վկայում։ Սահմանազատման և սահմանագծման այս գործընթացը տեղի է ունեցել խախտումներով՝ բոլոր առումներով՝ ինչպես իրավական դաշտում, բարոյական, քաղաքական, այնպես էլ անվտանգության առումով", - ընդգծել է նա։ Որպես օրինակ՝ Սրբազանը հիշեցրել է ադրբեջանական պետության նախագահի հայտարարությունն այն մասին, թե՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր չի կարող լինել առանց ՀՀ սահմանադրությունը փոխելու։ "Մեր խնդիրն է՝ գոյություն չունեցող բանակցությունների փոխարեն մտնել իրական բանակցությունների մեջ՝ իրական և բազմակողմ օրակարգով։ Եվ մենք պատրաստ ենք", - ամփոփել է նա։