Արմինֆո. Մոսկվան փակ դիվանագիտական խողովակներով ոչ մեկին չի տեղեկացրել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, նա այդ ամենի մասին խոսել է միանգամից եւ հրապարակավ: Այդ մասին հունիսի 7-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի պարզաբանմանը, թե արդյոք Մոսկվան տեղեկացրել է Ֆրանսիային Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
"Ես կասկած չունեմ, որ Ռուսաստանում ֆրանսիացի դիվանագետները ոչ միայն ռեստորաններ են գնում, այլև երբեմն զբաղվում են աշխատանքով։ Ճիշտ է, հենց իրենք են այն սահմանափակել իրենց համար։ Եվ հենց այդ պատճառով մենք կասկածներ ունեինք նրանց աշխատանքի որակի վերաբերյալ, մենք անմիջապես և հրապարակավ սկսեցինք խոսել Հայաստանում ԵՄ հիշյալ առաքելության նկատմամբ մեր բացասական վերաբերմունքի մասին։ Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ականների այդ կիսառազմական ներկայության առճակատման էությունը", - հայտարարել է Զախարովան։
Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ վերը նշվածի ապացույցներ փնտրել պետք չէ, քանի որ ամեն ինչ առանց այդ էլ ակնհայտ է։ Զախարովայի ասելով՝ այդ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական խնդիրներն ավելի ու ավելի ակնհայտ են։ "Իսկ, առավել ևս, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի երկրները, ամեն ինչ արդեն բոլորի համար հասկանալի դարձավ ։ Ռազմաքաղաքական իրադրության ապակայունացումից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմ դարձնելուց բացի այլ բան ակնկալել ԵՄ նման նախաձեռնություններից չարժե", - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար նման հնարավորություն է ստեղծվել, սկսվել է որոշակի աշխատանք համապատասխան ուղղությամբ, ինչը դուր չի եկել ԵՄ-ին, որն այդ տարածաշրջանը խաղաղ չի տեսնում, եւ հենց այդ պատճառով է այնտեղ հայտնվել այդ առաքելությունը: "Մենք վստահ ենք, որ բոլոր արդիական հարցերը, որոնք կանգնած են Անդրկովկասի առջեւ, պետք է եւ կարող են լուծվել հենց տարածաշրջանային պետությունների հավաքական ջանքերի հիման վրա, բացառապես այստեղ տեղակայված երկրների շահերից ելնելով, առանց արտաքին միջամտության", - ամփոփել է նա:
Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կապակցությամբ: