Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովը և Europe Nostra-ն հայտարարել են European Heritage Awards/Europa Nostra Awards 2024-ի հաղթողներին: Եվրոպայի մշակութային ժառանգության բնագավառում ամենահեղինակավոր մրցանակներից մեկը շնորհվել է Հայաստանի «Տերյան մշակութային կենտրոնին»՝ «Ստեղծարար Դրախտ – Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին» ծրագրի համար՝ «Կրթություն, ուսուցում և հմտություններ» անվանակարգում:
2023 թվականի լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստան տեղափոխված Արցախի բնակիչներին աջակցելու համար կենտրոնը ստեղծել է կրթական միջոցառումների լայն շրջանակ՝ օգնելու նրանց հարմարվել կյանքի նոր պայմաններին, աջակցել միմյանց և լուծել իրենց խնդիրները:
«Տերյան մշակութային կենտրոնի» օգտին կարելի է քվեարկել նաև https://vote.europanostra.org/ կայքում, ինչը կօգնի կազմակերպությանը դառնալ 2024 թվականի Public Choice Award մրցանակի դափնեկիր և ստանալ դրամական մրցանակ: Հեղինակավոր հարթակում առաջին անգամ կցուցադրվի Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը, կորսված հայրենիքի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև արցախահայությանն առնչվող այլ հարցեր լուսաբանող տեսանյութ: Քվեարկությունը բաց է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 22-ը:
Նշենք, որ European Heritage Awards / Europa Nostra Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2002 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից և այդ ժամանակվանից գտնվում է Europa Nostra-ի իրավասության ներքո: Այն Եվրոպայի ամենահեղինակավոր մրցանակն է պատմամշակութային ժառանգության բնագավառում։ Մրցանակները բացահայտում և խթանում են նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և բարելավման լավագույն փորձը, խթանում են գիտելիքների անդրսահմանային փոխանակումը ողջ Եվրոպայում, բարձրացնում հանրային իրազեկությունը և ճանաչում Եվրոպայի մշակութային ժառանգությունը, խրախուսում հետագա գերազանց նախաձեռնությունները սեփական օրինակով: Մրցանակներն ամեն տարի շնորհվում են ժառանգության ոլորտում մինչև 30 ակնառու նվաճումների, այդ թվում ՝ մինչև հինգ «Գրան պրի», որի յուրաքանչյուր շահող ստանում է 10 000 եվրո դրամական պարգև: Բացի այդ, հանդիսատեսի համակրանքի մրցանակը շնորհվում է Europa Nostra-ի կողմից անցկացված առցանց քվեարկության արդյունքում ընտրված հաղթողներից մեկին: