Արմինֆո. Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, այս անգամ՝ Սև ծովից։ Նման նախազգուշացումով է հանդես եկել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
"Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության շրջանների զգալի մասում հունիսի 7-ի երեկոյան ժամերին, ինչպես նաեւ հունիսի 8-11-ը սպասվում է անձրև և ամպրոպ: Ընդ որում, ինչպես նշել է օդերեւութաբանը, որոշ շրջաններում անձրեւներն ինտենսիվ կլինեն եւ կուղեկցվեն կարկուտով։ Օդի ջերմաստիճանը հանրապետությունում հունիսի 8-9-ը կնվազի 6-10 աստիճանով:
Նշենք, որ մայիսի 25-26-ը Միջերկրական ծովից Հայաստանին պատուհասած ցիկլոնը հանգեցրել է հորդառատ անձրևների: Արդյունքում Դեբեդ և Աղստև գետերի մակարդակը կտրուկ բարձրացել էր և հանգեցրել աղետալի ջրհեղեղի, որը ենթակառուցվածքների զգալի ավերածությունների և չորս մարդու մահվան պատճառ էր դարձել: Մայիսի 26-ին հանրապետության ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, տարերքը վնասել է ճանապարհներ, կամուրջներ ու երկաթուղային գծեր: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Լոռու մարզին։ Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածում ավերվել է մոտ 50 մետր ճանապարհ, հեղեղվել են Այրում կայարանի մի քանի տներ և տնտեսական շինություններ: Ջրհեղեղի հետևանքով ավերվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող Դեբեդ գետի կամուրջը: Ջրհեղեղի պատճառով փակվել է Հայաստանը Վրաստանին կապող Մ-6 մայրուղին։ Բացի այդ, Երեւան - Թբիլիսի - Երեւան երթուղով միջազգային երկաթուղային չվերթները չեղյալ են հայտարարվել "Հարավկովկասյան երկաթուղի" -ի կողմից՝ Այրում-Ախթալա հատվածում սողանքի պատճառով: