Արմինֆո.Աղետի գոտում ակտիվ տեմպերով ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Այդ մասին հունիսի 6-ին կառավարության նիստում հայտարարել է մայիսի 26-ի հեղեղումների հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա ասելով՝ տարերային աղետից տուժած շատ տարածքներ ամբողջությամբ մաքրվել են տիղմից և կեղտից: Կառուցվել է 4 ժամանակավոր հետիոտնային կամուրջ, ինչի շնորհիվ զգալիորեն հեշտացել է ցամաքային կապը տուժած շրջանների բնակիչների միջև։ Վաղը շահագործման կհանձնվի ևս մեկ կամուրջ, որն արդեն նախատեսված է ավտոմոբիլային տրանսպորտի համար, ինչը հնարավորություն կտա կապ հաստատել յոթ բնակավայրերի միջև: 90% - ով վերականգնվել է գազա-, էլեկտրա- և ջրամատակարարումը։ Նախարարն ընդգծել է, որ ջրհեղեղից հետո բենզինի և դիզվառելիքի առաջին բեռը երկաթուղով հասել է Հայաստան ՝ Վրաստանին սահմանակից Այրում կայարան: Ընդ որում, ինչպես նշել է նախարարը, բենզինի և դիզվառելիքի ծավալները զգալիորեն գերազանցում են մեքենաների քանակը, և այդ պատճառով ներկայումս աշխատանքներ են տարվում լրացուցիչ տեխնիկայի ներգրավման ուղղությամբ: Սանոսյանը նաեւ հաղորդել է, որ ակտիվ տեմպերով շարունակվում է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, առանձնացրել է ռուս գործընկերների աշխատանքը, որոնք լայնածավալ աշխատանքներ են իրականացնում երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ակտիվ աշխատում են նաև միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման հարցում, և Երևանը ակնկալում է նրանց աջակցությունը: Փաշինյանը հույս է հայտնել, որ հասցված վնասի չափի հարցը կորոշվի շատ մոտ ապագայում, որպեսզի հնարավոր լինի միջազգային գործընկերներին ներկայացնել վերականգնման կոնկրետ ծրագրեր:
Մինչդեռ, ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առնվազն մի քանի գործընկերներ արդեն իսկ նման պատրաստակամություն են հայտնել, հատկապես՝ կամուրջների կառուցման մասով: Մնացած հարցերի շուրջ գործընկերներն ակնկալում են օգնության ուղղությունների հստակեցում: