Արմինֆո.Ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ի համերգն, այնուամենայնիվ, կկայանա։ Այդ մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նա հիշեցրել է, որ համերգը պետք է անցկացվեր նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին, սակայն հայտնի պատճառներով չեղարկվեց։
«Մենք ընկերությունից սպասում ենք 3 առաջարկ այս տարվա ամսաթվերի վերաբերյալ, որոնցից կընտրենք առավել նպատակահարմարը՝ համերգը կազմակերպելու համար այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք արդեն ձեռք են բերվել: Լրացուցիչ ոչինչ չի նախատեսվում», - ասել է ԿԳՄՍ նախարարը։ Նրա ասելով՝ Հայաստանը պատրաստ է համերգն անցկացնել օգոստոսին, բայց սպասում է գրավոր առաջարկի, որպեսզի արդեն պաշտոնապես հայտարարվի:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հուլիսի վերջին ամերիկացի ռեփերը հայտարարել էր Երևանում իր համերգի մասին, որը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերին՝ "Հրազդան" մարզադաշտում։ Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ կապված ողբերգական իրադարձությունները, որին հաջորդեց Արցախի հայաթափումը, կառավարությունը որոշեց հետաձգել միջոցառման անցկացումը։ Նշենք, որ Snoop Dogg-ի համերգը կազմակերպելու համար իշխանությունները որոշել էին հարկատուների միջոցներից հատկացնել 2 մլրդ 318 մլն դրամ (շուրջ 6 մլն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով) ։