Արմինֆո.Հայաստանն առաջին անգամ կներկայացվի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ից 21-ը, Փարիզում։
Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հաղորդագրության համաձայն, հայկական ռազմարդյունաբերական համալիրի մաս հանդիսացող ADX Systems-ը ներկա կլինի Eurosatory ցուցահանդեսի Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի Հայաստան տաղավարում: ADX Systems-ը հայկական ընկերություն է, որը նախագծում և արտադրում է քաղաքացիական և ռազմական օգտագործման էլեկտրոնային սարքավորումներ: Eurosatory -ում այն կներկայացնի իր նոր «J-05 Jamming and Spoofing System»՝ նախատեսված ռազմական օգտագործման ալիքները փոփոխելու և խցանելու համար: Այս նոր համակարգը առաջարկում է ընդլայնված գործառնական տիրույթ՝ մնալով կոմպակտ, թեթև, շարժական և էներգաարդյունավետ՝ թույլ տալով միայն մեկ օպերատորի կառավարել և տեղափոխել այն: Վերջին և շարունակվող ռազմական հակամարտությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի հագեցվածությունը ցույց է տվել այս տեսակի համակարգերի միջոցով պաշտպանվելու հնարավորության ծայրահեղ կարևորությունը:
Eurosatory ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 1800 մասնակցի 90 երկրից, ինչպես նաև մոտ 98000 այցելուի և մասնագետի: «Հայաստան» տաղավարը կհյուրընկալի Ֆրանսիա- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ և հայկական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների պատվիրակությունը։ Սա հնարավորություն կընձեռի հայկական այս ընկերություններին առաջին անգամ ներկայացնելու իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները Եվրոպայի միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։
Ցուցահանդեսի ընթացքում հունիսի 18-ին GICAT տաղավարում (Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության կազմակերպություն) տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված Հայաստանի կարիքներին պաշտպանության ոլորտում և Ֆրանսիայի հետ ընթացիկ համագործակցությանը: Համաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, GICAT-ն ու իր անդամները, ինչպես նաև Ֆրանսիա – Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամներ։
Eurosatory պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը կղեկավարի Ֆրանսիա – Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը` Տիգրան Առաքելյանի նախագահությամբ։