Արմինֆո. Երեկ գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան, և վերսկսեց բռնաճնշումները "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցների նկատմամբ: Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է "Հայաքվե" նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
«Արդյունքում մեր պայքարի ընկերներից երկուսը անհիմն և ապօրինի որոշումներով ազատազրկվել են՝
ա) Մեսրոպ Եսայանը երեկ ենթարկվել է երկու ամսով տնային կալանքի (ընդ որում կալանքը տնայինով է փոխարինվել միայն այն պատճառով, որ նույն օրը Մեսրոպի երրորդ զավակն էր լույս աշխարհ եկել):
բ) Գնել Պետրոսյանը ենթարկվել է մեկ ամսով կալանքի և տեղափոխվել «Արմավիր»քրեակատարողական հիմնարկ:
Իմ զորակցությունն եմ հայտնում Մեսրոպին և Գնելին, որոնց հետ պատիվ եմ ունեցել մասնակցել շարժմանը նրա առաջին օրերից, և որոնք ողջ այս ընթացքում աննկուն շարունակել են պայքարը: Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման: Մինչ այդ, կամք ու կորով եմ ցանկանում մեր ընկերներին՝ անցնելու այս փորձության միջով, և նոր ուժով վերադառնալու շարժման շարքերը», - գրել է Չալաբյանը: