Արմինֆո. Հայաստանը դադարել է շահագրգռվածություն դրսեւորել Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության գծով Ռուսաստանի հետ շփումներում, ինչն Արևմուտքի ճնշման արդյունք է: Այս մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
"2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել մեր առաջարկի նկատմամբ՝ մշակելու և կնքելու միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք արեւմտյանների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երեւանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ", - նշել է փոխնախարարը ։
"Այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ խնդրահարույց պահերի եւ գրգռիչների վերացման ուղղությամբ աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակային հնչեցրած տրամադրվածությունը գործնական մարմնավորում կստանա ։ Մենք պատրաստ ենք դրան", - ընդգծել է Գալուզինը։
Միևնույն ժամանակ, փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի երկկողմ շփումները չեն ընդհատվում: "Վերջերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը: Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը փետրվարին տեսակցել է իր հայ գործընկերոջը", - ուշադրություն է հրավիրել փոխարտգործնախարարը։