Արմինֆո.Ազգային պատկերասրահում կներկայացվի հայ նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ինքնատիպ հավաքածուն, որը ձևավորվել է 1970-ական թվականներից:
Հավաքածուն բաղկացած է հայ ականավոր նկարիչների 60 գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործություններից, որոնք հավաքվել են գնումների, փոխանակման և նվիրատվության միջոցով:
Ցուցահանդեսը ներառում է Խորհրդային Հայաստանի հեղինակների, Սփյուռքի և Էստոնիայի ներկայացուցիչների բազմաժանր աշխատանքներ: Կտավների դարձերեսին կարելի է տեսնել ջերմ բարեմաղթանքներ, որոնք ինքնին փաստագրական արժեք են ներկայացնում:
Բացումը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում (մուտքը Հանրապետության հրապարակից):
Նշենք, որ Վալմարը ծնվել է 1948թ. Գյումրիում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Սովորել է Երվանդ Քոչարի մոտ։ Ինստիտուտն ավարտելուց հետո ծավալում է բեղմնավոր ստեղծագործական գործունեություն ՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին: 1976 թվից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1994 թվից' Նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ: Վալմարն ունեցել է 40 անհատական և 117 խմբակային ցուցահանդեսներ, որոնք կազմակերպվել են Հայաստանում, Մոսկվայում, Էստոնիայում, Լատվիայում, եվրոպական, մերձավորարևելյան և ամերիկյան մշակութային կենտրոններում: Վալմարի նկարները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես նաև պահվում են մասնավոր հավաքածուներում: 2006թ.՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ: