Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի կիսում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի տապալման վերաբերյալ ընդդիմության տեսակետը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում քննարկվում է կառավարության 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մատնանշել է կառավարության ծրագրի այն դրույթները, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատարելու, պետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ՀՀ սահմանադրության դրույթներին հավատարիմ մնալու մասին: Ինչպես նշել է ընդդիմադիր գործիչը, ծրագրում մի բան է գրված, իսկ իրականում ամեն ինչ բոլորովին այլ տեսք ունի։
Ի պատասխան՝ Միրզոյանն ընդգծել է, որ ընդդիմության այս մոտեցումը Հայաստանի հասարակությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում և հղի է երկրի համար կործանարար հետևանքներով: "Այդ մտածելակերպն է պատճառը բոլոր այն ողբերգությունների, որոնց մենք բախվել ենք։ Դա հենց նույն մտածելակերպն է, որը, վստահ եմ, դրսից է բերվել, եւ հանգեցրել է "կոտրած տաշտակի", որի առաջ բոլորս հայտնվել ենք", - նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։
Միրզոյանի ասելով, ՀՀ կառավարությունն իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք ուսումնասիրություններ, որոնց հիման վրա ճշգրտվել են կառավարության ծրագրի դրույթները։ Նախարարը նշել է, որ պետք է նկատի ունենալ տարածաշրջանային գործընթացները։ "Եթե ծրագրում գրված էր Լեռնային Ղարաբաղին աջակցելու մասին, ապա Ադրբեջանի հայտնի գործողություններից հետո, որոնք հանգեցրին Արցախի հայաթափման, այլևս իմաստ չուներ շարունակել նույն ուղղությամբ", - նշել է Միրզոյանը:
Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա, ինչպես ընդգծել Է նախարարը, թե Երևանը, թե Բաքուն մատնանշել են առկա դրույթները, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Բայց դա, ինչպես նշել է ԱԳ նախարարը, չի նշանակում հարցի առկայություն բանակցությունների օրակարգում, նման բան չկա՝ չնայած առկա խնդիրներին։ "ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվում է 2018 թվականից, և պնդել, թե այդ քննարկումները թելադրված են Ադրբեջանի պահանջներով, արմատապես սխալ է։ Դա Հայաստանի ներքին գործն է", - ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը երկիրը կդարձնի "ավելի մրցունակ և կենսունակ նոր պայմաններում": Իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին հարցազրույցում նա փաստացի հասկացրել է, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։ Եվ եթե Հայաստանի քաղաքականությունը հիմնված կլինի Անկախության հռչակագրի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության վերամիավորման վրա, ապա պատերազմ կսկսվի, և խաղաղություն երբեք չի լինի։
Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո: