Արմինֆո. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, որի աշխատանքներին Հայաստանը կրկին չի մասնակցել։
"Մի քանի խոսք ասեմ Հայաստանի Հանրապետությանն առնչվող իրավիճակի մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։ Այդուհանդերձ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են: Հայաստանի հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ողջ ծավալով:
Ակնկալում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Դա օգտակար կլիներ մեր միավորման բոլոր մասնակիցներին, առաջին հերթին ՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար", - ընդգծել է Տասմագամբետովը։
Խոսելով ՀԱՊԿ գործողության գոտում իրադրության մասին ՝ գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է խորը տրանսֆորմացիա ապրել։ Աճում է կոնֆլիկտային ներուժը մի շարք տարածաշրջաններում, որոնք անմիջականորեն հարում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն։ "Լուրջ մտահոգություն է հարուցում իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Բարդ են մնում Աֆղանստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, և պահպանվում են Հարավային Կովկասում շոշափելի ռիսկերը։
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ - ը եվրասիական տարածքում կայունության պահպանման առանցքային գործոն է, որն ի զորու է ապահովել կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը: Անփոփոխ է մնում ՀԱՊԿ հանձնառությունը միավորող օրակարգին, առավելապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով ճգնաժամային իրավիճակների համապարփակ և երկարաժամկետ կարգավորման լուծումների որոնմանը: Միևնույն ժամանակ, այսօր, հաշվի առնելով նոր քաղաքական իրողությունները, մեր կազմակերպության գործունեության հետագա կատարելագործման անհրաժեշտությունն առանձնակի արդիականություն է ձեռք բերում", - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին France24 հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ քարտուղարությունից հաղորդել էին, որ Երևանից համապատասխան ծանուցումներ չեն ստացել, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հարցի վերաբերյալ պարզաբանում էր պահանջել Հայաստանից։ Ռուսական գերատեսչությունում վստահություն էին հայտնել, որ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի մասնակցության նվազումը չի բխում հայ ժողովրդի շահերից: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ վստահություն էր հայտնել, որ ՀԱՊԿ-ը "չի փլուզվի " առանց Հայաստանի։ Ավելի ուշ Հայաստանը նաեւ հրաժարվել է կատարել ՀԱՊԿ-ի հանդեպ ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները: