Արմինֆո. 2018 թվականի ապրիլյան բողոքի ակցիաների ժամանակ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել: Այդ մասին հայտնի է դարձել դատավոր Հարություն Մանուկյանի այսօր հրապարակած դատավճռից։
Ինչպես հայտնի է դարձել դատավճռից, Երանոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը պաշտոնեական լիազորությունների գերազանցումից վերաորակվել է՝ որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ոչ իրավաչափ վարքագիծ կամ անգործություն: Դրանից հետո որոշվել է այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու պատճառով ։
Վերաորակվել է նաև քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) առաջադրված մեղադրանքը, ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Երանոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ համաներման կիրառմամբ։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել իրեն մեղսագրվող արարքի համար։