Արմինֆո. Մայրաքաղաքի նոր կենտրոնը կկառուցվի Նորագյուղ թաղամասում։ Այդ մասին հունիսի 3-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է 2 փուլով: "Նախագիծը պետք է ունենա ներդրումային գրավչություն, որպեսզի մենք կարողանանք համագործակցել միջազգային խոշոր շինարարական ընկերությունների հետ", - ասել է Ավինյանը: Միաժամանակ, նա նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել ծրագրի քննարկումը ծրագրերի իրականացման գրասենյակում։
Քաղաքապետի խոսքով՝ նախագծի իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել միջազգային օրինակներով, առկա միջազգային խոշոր ներդրումային ծրագրերով: Որպես օրինակ՝ Ավինյանն ուշադրություն է հրավիրել Աբու Դաբի-Ալ-Հռոմ կղզու հայեցակարգի վրա։ "Չէ որ կարելի է դուրս գալ ստանդարտ քառակուսուց", - ընդգծել է նա։ Նիստի ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ նախագիծն այս փուլում գտնվում է իրավաբանական բաժնում:
Հիշեցնենք, որ մայիսին Տիգրան Ավինյանը հանդիպել էր ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի՝ WILMOTTE & ASSOCIES ARCHITECTES-ի հիմնադիրի հետ։ Վերջինս քաղաքապետին է ներկայացրել Կասկադ համալիրի կառուցման նախագծի հայեցակարգը և Նորագյուղ թաղամասին վերաբերող նախագիծը, որի համաձայն, այդ շրջանը դիտարկվում է որպես մայրաքաղաքի նոր կենտրոն: "Նորագյուղը համատեղելու է նորն ու ավանդականը քաղաքային միջավայրում, ինչպես նաև լուծելու է տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրները", - նշել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում