Արմինֆո. ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ աշնանը։ Այդ մասին գրում է "Հրապարակ" թերթը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին:
«Տեւական ժամանակ լուրեր կային, որ ագրեմանը մերժվել է: Մեր աղբյուրը հաղորդում է, որ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու: Նա անձամբ է խնդրել Պուտինին` ընդունել Արսենյանի ագրեմանը: Եվ ՌԴ նախագահը որոշել է ընդառաջել, քանի որ առաջիկայում Ռուսաստանն էլ է դեսպանի փոփոխություն անելու Հայաստանում։ Մտավախություն են ունեցել, որ մերժման դեպքում ՀՀ իշխանություններն էլ իրենց թեկնածուին կմերժեն։ Բայց սա չի նշանակում, թե վաղն արդեն Արսենյանը կմեկնի Մոսկվա: Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց ժամանակ տալ` կիսատ գործերն ավարտելու, անձնական հարցերը կարգավորելու: Օրենքն արգելում է մի դեսպանի վերադարձը չկազմակերպած` նոր դեսպանի մեկնումը դեսպանընկալ երկիր: Այնպես որ, Արսենյանի մեկնումը կարող է 1-2 ամիս տեւել», - նշում է պարբերականը:
Նաեւ նշվում է, որ եթե դեսպանի ագրեմանը չհաստատվեր, Գուրգեն Արսենյանը կարող էր վայր դնել մանդատն ու հեռանալ ՔՊ-ից, քանի որ դժգոհություններ ուներ ՔՊ-ի վարած քաղաքականությունից, հատկապես` տնտեսության ոլորտում:
Ինքը ՝ Արսենյանը, հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ թերթին խորհուրդ տալով դիմել ԱԳՆ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից էլ պատասխանել են, որ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետկանչն ու նշանակումն իրականացվում է նախագահի հրամանագրով, այդ ժամանակ էլ այդ մասին տեղեկատվություն է ստանում հանրությունը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի աշնանը լրատվամիջոցները գրել էին, որ իշխանությունները որոշել են ՌԴ-ում գործող դեսպանին փոխարինել Արսենյանով։ Միևնույն ժամանակ, հաղորդվում էր, որ Մոսկվան մերժել է վերջինիս թեկնածությունը: Հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում Գուրգեն Արսենյանն ապատեղեկատվություն էր որակել ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանը մերժել է ագրեման հանձնել դեսպան նշանակվելու համար: Արսենյանը միաժամանակ չի հերքել, որ ագրեմանի հանձնման համապատասխան նոտան փոխանցվել է ռուսական կողմին։