Արմինֆո. Ցանկացած քայլ, որը կարող է հեռացնել ՀԱՊԿ անդամ պետություններին միմյանցից, խորապես սխալ է։ Այդ մասին հայտարարել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գռիզլովը՝ ՀԱՊԿ-ի հետագա գործունեությանը գնահատական տալու խնդրանքին ի պատասխան, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը "սառեցրել է" իր մասնակցությունը կազմակերպությանը ։
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կազմակերպության շրջանակներում ստեղծվել են գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել եւ հանգուցալուծումներ գտնել ամենատարբեր հարցերի շուրջ, նույնիսկ, եթե առաջին հայացքից դրանք դժվար լուծելի են թվում:
"Ես չեմ կարծում, որ Երեւանի նման քայլը կարող է լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը, քանի որ այն լիովին կայուն է։ Թեև, իհարկե, դա կնշանակի ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում Հարավային Կովկասում։ Իմ կարծիքով, գլխավոր հարցը լինելու է այն, թե ինչպես այս պայմաններում կառուցել հենց Հայաստանի քաղաքականությունը։ Կարևոր է հասկանալ, որ Հարավային Կովկասում Արևմուտքի բոլոր գործողություններն ու ծրագրերը թելադրված են ամենևին էլ ոչ այդ տարածաշրջանի երկրների հանդեպ հոգատարությամբ։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են ոչ թե կառուցողական համագործակցության, այլ՝ տարածաշրջանի երկրներին ներքաշել իրենց աշխարհաքաղաքական արկածների մեջ։ Արդյո՞ք դա Հայաստանին ավելի մեծ անվտանգություն կբերի՝ "հարցը հռետորական է", - հայտարարել Է Բորիս Գռիզլովը՝ "Դաշնակիցներ. ՀԱՊԿ" պարբերականի հարցազրույցում:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Ավելի ուշ Հայաստանը նաև հրաժարվել է կատարել ՀԱՊԿ-ի հանդեպ իր ֆինանսական պարտավորությունները: