Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մայիսի 31 - ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի խնդրանքով մեկնաբանել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գրառումը:
Նախօրեին ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեսբուքյան իր էջում գրել էր. «Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի։ Նրանք ինքնակազմակերպվում և պայմանավորվում են, ի նշան բողոքի, ՊԵԿ հարկային մարմին չներկայացնել 2024 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկները և չկատարել հարկային վճարումներ։ Ըստ էության, դրանով նրանք իրենց բողոքը, դժգոհությունն ու անհամաձայնությունը կհայտնեին իրենց վճարած հարկերի հաշվին ոստիկանության սև և կարմիր բերետավորների կողմից աշխատավարձ, հավելավճար և պարգևավճարներ ստանալու և հենց իրենց՝ «փառաբանված հարկ վճարողների» նկատմամբ բիրտ ուժ կիրառելու դեմ»։
"Կարծում եմ, այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. դա ողբերգություն է եւ սպառնալիք ազգային անվտանգությանը", - նշել է Բադասյանը։