
Արմինֆո. Հարավային Կովկասում անվտանգության բոլոր մարտահրավերներն ու տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են "արևմտականների" ապակառուցողական ակտիվությամբ։ Այդ մասին մայիսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Այդ մասին խոսում է նաև Բաքուն։ Եվ մենք համապատասխան գնահատական ենք տալիս։ Ինչու՞ են արևմտականները դա անում։ Նրանց հարկավոր է ցնցել իրավիճակը: Տարածաշրջանի երկրները պետք է միմյանց միջեւ, նրանց տեսանկյունից, ոչ թե կապեր հաստատեն, այլ՝ թշնամանան։ Հարևանները պետք է զբաղվեն ոչ թե տնտեսությամբ ու առևտրով, այլ հարաբերությունների անվերջ պարզաբանմամբ։ Նրանք պետք է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից", - ասել է ռուս դիվանագետը, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ այդ միտումները տեսնում են և Բաքվում, և այլ մայրաքաղաքներում և մեծապես համաձայն են դրան ։
Ճշգրտող հարցին, թե Երևանում բողոքի ցույցերն ինչպես կանդրադառնան հայ-ադրբեջանական սահմանի, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի վրա, Զախարովան պատասխանել է, որ Մոսկվայում հետևում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքների գործնական փուլի մեկնարկին: Միաժամանակ, նա հավելել է, որ այդ աշխատանքը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության հաստատման տեսանկյունից։ "Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր աշխատանքների կարգավորմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ելնում ենք այն բանից, որ պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ և ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար", - նշել է նա ՝ ևս մեկ անգամ մատնանշելով Մոսկվայի պատրաստակամությունը ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա կողմերին խորհրդատվական բնույթի օգնություն ցուցաբերելու հարցում։ "Ինչ վերաբերում է Երևանում և հանրապետության մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ապա որքան կարելի է դատել, ցուցարարների դժգոհությունը պայմանավորված է այն բանով, որ, նրանց կարծիքով, անկլավային գյուղերի մասով սահմանազատումն այնքան էլ արդար չի ընթանում։ Ամեն դեպքում, մենք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցույցերը դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործ։ Մեր կողմից՝ մենք նպատակ ունենք զարգացնել Հայաստանի ժողովրդի հետ բարեկամական, այն լիարյուն կապերը, որոնք ի հայտ են գալիս, այդ թվում՝ նաև օգնության տեսքով ՝ իրական, որը մենք ցուցաբերում ենք ակնթարթորեն, երբ հարևան պետությունը հայտնվել է փորձանքի մեջ", - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ցույցերը բռնկվել են, այսպես կոչված, սահմանազատման գործընթացում Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին միակողմանի զիջումների ֆոնին: Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել փողոց ՝ պահանջելով ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայաստանի իշխանությունները, անտեսելով բնակչության դժգոհությունը, փորձում են ուժով ճնշել բողոքի ցույցերը։ ՀՀ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ոչ միայն խաղաղ ցուցարարների, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչների և պատգամավորների նկատմամբ: Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության լռության ֆոնին։