


Արմինֆո.Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում ներկայացրել է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր տեսլականը։ Այդ մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասելով՝ պաշտոնական Երևանը պատրաստ է ցանկացած պահի գնալ այդ նախագծի իրականացմանը, այդ թվում՝ նաև Ադրբեջանի հետ, քանի որ այդ նախագիծը վերաբերում է ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ՝ ողջ տարածաշրջանին:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը կրկնել է, որ հայկական պետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը սահմանազատման և սահմանագծման ենթարկված սահմաններն են: Հայաստանի համար իր 29740 քառ. կմ ինքնիշխան տարածքը "կարմիր գիծ" է, որից այն կողմ իշխանությունները մտադիր չեն անցնել։ Իր հերթին՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Կիրանց գյուղում կառուցել նոր դպրոց: Նա հավելել է, որ հարցը կքննարկվի աշակերտների ծնողների հետ: "Եթե մեր կողմից ձեռնարկվող անվտանգության միջոցները անբավարար լինեն ծնողների համար, ապա կարող ենք նոր դպրոց կառուցել։ Իսկ դպրոցի ներկայիս շենքը, օրինակ, կարող ենք տալ սահմանապահներին։ Առավել ևս, որ նրանք զորանոցային պայմանների խնդիր ունեն", - նշել է վարչապետը։



