Արմինֆո. Ոչ վաղ անցյալում իշխող քաղաքական էլիտան ժողովրդավարությունը հռչակել էր որպես Հայաստանի Հանրապետության գոյատևման առանցքային արժեք։ Սակայն գործնականում մեր պետությունը վեր է ածվել ոստիկանապետության, որտեղ ռեժիմի հիմնական հենասյուները սև և կարմիր բերետավորներն են և ապատեղեկատվության տարածման (ֆեյքերի) բազմաքանակ ենթակառուցվածքը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը:
«Այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ոստիկանության վճռականությունը կարծես թուլանում է, իսկ նրանց գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը, ակնհայտորեն, վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին:
Ժողովրդական շարժման զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու գործընթացը, ակնհայտորեն, փակուղի է մտնում։ Խաղաղ ցուցարարների ռեսուրսներն աճում են և սկսում են համեմատվել ոստիկանության ռեսուրսների հետ։ Ցուցարարները ցուցադրում են վճռականություն, հաստատակամություն և մասամբ նաև կրեատիվություն, ինչը խաթարում է ուժայինների դիրքերը։
Եթե խաղաղ անհնազանդության ակցիաների թափը հաջողվի ոչ միայն պահպանել, այլև ավելացնել՝ օգտագործելով կազմակերպչական ժամանակակից տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ապա ոստիկանությունը չի դիմանա այդ ճնշմանը և ստիպված կլինի ընդունել իր կապիտուլյացիան, ինչով և կազդարարվի ապազգային իշխանության ավարտն ու դրան հեռացնելու քաղաքական գործընթացների մեկնարկը», - նշել է Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Գալստանյանը հայտարարվել է ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու, եւ մայիսի 27-ի ժամը 8:00-ից հայտարարել է անհնազանդության խաղաղ ակցիաներ, որոնք պետք է ստիպեն իշխանություններին հաշվի նստել ժողովրդի կամքի հետ: Մայիսի 27-ի կեսօրին Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների շուրջ 280 մասնակիցների՝ "ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար": Կարմիրբերետավորները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված, փողոցներ փակած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, ժողովրդական արտիստների ու բժիշկների: Շատ կոպիտ ձևով Երևանի կենտրոնում "կարմիրբերետավորները" բերման են ենթարկել պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, որին տապալել են գետնին և հարվածներ հասցրել: Արձագանքելով վերջին իրադարձությանը ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է հատուկ սահմանադրաիրավական կարգավիճակով, վերջինս կարող է ազատությունից զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ կարգով: ՄԻՊ գրասենյակն արձանագրել է նաև դեպքեր, երբ անկախ վարչական վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կատարված գործողությունների ավարտից, անձինք շարունակել են պահվել ոստիկանության բաժիններում մինչև օրենքով սահմանված 3 ժամը լրանալը: