Արմինֆո. Ռուսական սահմանապահ զորքերի գտնվելը Հայաստանում ամեն կերպ արդարացված է, և դա ապացուցվել է ժամանակի ընթացքում, քանի որ սահմանակից պետությունից բխող սպառնալիքները չեզոքացվել են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե որքան մեծ է այսօր ՀՀ-ից ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման հավանականությունը, և արդյոք Հայաստանն ի զորու է ինքնուրույն ապահովել Թուրքիայի եւ Իրանի հետ իր սահմանների պաշտպանությունը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերն իրենց ծառայությունը գերազանց են իրականացրել Հայաստանի տարածքում, երբեք որևէ լուրջ միջադեպ, պատահար կամ թյուրըմբռնում չի եղել երկու կողմերի միջև: "Իսկ այն, որ անձնակազմի թիվն այս տարիների ընթացքում նվազել է, դրանում հայկական կողմի մեղքն էլ կա։ Պետք չէ ամեն ինչում մեղադրել ռուսական կողմին։ Ես գիտեմ, որ ֆինանսական պարտավորությունները, որոնք 1992 թվից նախատեսվում էր իրականացնել 50/50 սկզբունքով, հայկական կողմը չէր պահպանում, ուստի ստիպված էին կրճատել անձնակազմը։ Բացի այդ, Հայաստանը չի տրամադրել պահանջվող թվով զորակոչիկներ՝ համաձայն պայմանագրի", - նշել է նա։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ այսօր իրեն հնարավոր չի թվում Ռուսաստանի սահմանապահների դուրսբերումը Հայաստանից։ "Հայաստանն այսօր, ինչ էլ ասեն, պատրաստ չէ այդ տեղամասերի ինքնուրույն պահպանությանը։ Մենք ոչ միայն ֆինանսական, այլև մարդկային ռեսուրսներ չունենք։ Հեշտ խնդիր չէ պահպանության տակ վերցնել մոտ 400 կմ՝ հաշվի առնելով Իրանի հետ սահմանը։ Առավել ևս, որ Հայաստանի սահմանապահ զորքերին վստահվել են Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներ։ Ես, պարզապես, չեմ պատկերացնում դրա հնարավորությունը", - ասել է Ստեփանյանը։
Ճշգրտող հարցին, թե արդյոք հայ սահմանապահները կկարողանան ապահովել հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը նրանք ստանձնել են, հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների չկարգավորված լինելն ու առկա իրողությունները, գեներալ - մայորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հասարակ մարդկանց շրջանում ձևավորվել է կարծիք, որ սահմանապահները պետք է պաշտպանեն: "Սահմանապահ զորքերի նպատակը պաշտպանություն չէ, ինչ-որ մարտական գործողություններից պաշտպանելը չէ։ Սահմանապահ զորքերը, լավագույն դեպքում, կարող են արձանագրել խախտումները կամ կանխել դրանք, բացահայտել մաքսանենգությունը։ Սահմանապահ զորքերի սպառազինությունը և նրանց թվաքանակը թույլ չեն տալիս վարել այն մարտական գործողությունները, որոնք սովորաբար դրվում են բանակի վրա", - եզրափակել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահների ներկայիս գտնվելու հիմքը Հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է, որը կնքվել է Երևանում 1992թ. սեպտեմբերի 30-ին: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է 4 սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում: Հայաստանում Ռուսաստանի սահմանապահների պահպանումը երկու պետությունների կառավարությունների կողմից ապահովվում է մոտավորապես հավասար։ Ի տարբերություն ռուսական ռազմաբկայանի, որտեղ ծառայում են բացառապես Ռուսաստանի քաղաքացիներ, հանրապետությունում ՌԴ սահմանապահ զորքերում ծառայելու իրավունք ունեն նաև Հայաստանի քաղաքացիները: