Արմինֆո.Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այդ մասին հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ: Տավուշից Երևան երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ին վարչապետին կոչ էր արել հրաժարական տալ: Նախօրեին Գալստանյանը հայտարարվել է ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու։ Երեկոյան նա մայիսի 27-ի ժամը 8:00-ից հայտարարել է անհնազանդության խաղաղ ակցիաներ, որոնք պետք է ստիպեն իշխանություններին հաշվի նստել ժողովրդի կամքի հետ:
Այսօր լրագրողների հետ զրույցում Գալստյանը հայտարարել է, որ կպահպանի իր հոգևոր կարգը, թեև հոգևոր ծառայությունը սառեցվել է: Ի պատասխան այն դիտարկմանը, թե արդյոք դա չի նշանակում հոգևոր ծառայության և քաղաքականության համատեղում, վարչապետի թեկնածուն նշել է, որ դա ոչ թե քաղաքական, այլ ազգային-ազատագրական շարժում է: <Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս: Ինձ չեն զրկել հոգևոր աստիճանից", - բացատրել է նա: