Արմինֆո.Լոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այդ մասին մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ընդ որում, նա հաղորդել է, որ տարերային աղետի հետևանքով փլուզվել է 17 կամուրջ, որոնց մի մասը՝ փոքր և համայնքային նշանակության, սակայն մոտ 5-6-ը խոշոր կամուրջներ են, որոնց փլուզման հետևանքով խզվել է կապը մի շարք բնակավայրերի հետ: Այդ կամուրջների վերականգնման համար, ըստ Սանոսյանի, շատ ժամանակ և ջանք կպահանջվի։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, կամուրջների փլուզման պատճառով մեկուսացված վիճակում է հայտնվել 5.5 հազար մարդ, Լոռիում 2.5 հազար, Տավուշում մոտ 1 հազար մարդ զրկված էլեկտրամատակարարումից։ Բացի այդ, կան համայնքներ, որոնք մասամբ կամ ամբողջությամբ չունեն գազամատակարարման հասանելիություն։ "Բայց մենք աշխատում ենք ինտենսիվ ռեժիմով և փորձում ենք հերթով վերականգնել էլեկտրա-, գազա-, ջրամատակարարումը Լոռիում և Տավուշում", - ընդգծել է նա: