Արմինֆո.Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամը:
«Մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։ Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթեւեկությունը միակողմանի է։ Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել», - ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորել էր դեպի Հայաստան բեռների մատակարարում իրականացնելիս օգտվել "Բավրա" անցակետից:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի հյուսիսում հորդառատ անձրևները հանգեցրել են Դեբեդ, Աղստև գետերի վարարման և ջրհեղեղների Լոռու և Տավուշի մարզերում: Ավերվել են բազմաթիվ ճանապարհներ և կամուրջներ։