Արմինֆո. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին, Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին, բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։
Ուշագրավ է, որ զինվորական կոչումներ շնորհելու մասին այս հաղորդագրության ի հայտ գալուց անմիջապես հետո սոցիալական ցանցերի հայկական հատվածում և ԶԼՄ-ներում սկսեցին հրապարակումներ հայտնվել այն մասին, որ վերոնշյալ անձինք կոչումներ են ստացել այն բանից հետո, երբ նպաստել են Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելուն: Հրապարակումները հատկապես վերաբերում էին երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյանին, ով ղեկավարում է Տավուշի ուղղությունը։ Երբ դեռ նոր էին խոսակցություններ շրջանառվում, որ Տավուշի ուղղությամբ միակողմանի զիջումներ են նախատեսվում, լրատվամիջոցները գրում էին, որ Ցականյանը վաղուց է երազում գեներալ-մայորի ուսադիրների մասին և դրանք ստանալու համար կանի այն ամենը, ինչ իրեն կհրամայեն։
ԶԼՄ-ներում նման հրապարակումներից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել։
Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից:
Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրության առարկա է դարձնելու բոլոր նման հրապարակումները և ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները, համապատասխան իրավական ընթացակարգերի գործարկմամբ, հանիրավի թիրախավորման ենթարկվող սպաների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով»։