Արմինֆո. Գիշերը հայտնի է դարձել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի ձերբակալության մասին։
Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ ձեռնարկվել է նույն սխեման, ինչ ավելի վաղ՝ Ասկերանի ղեկավարի նկատմամբ: Վերջինս տնային կալանքի տակ է առնվել, իբր, "յուրացումների համար"։
Մելիքյանի ասելով՝ Հայաստանի իշխանությունները Մարտակերտի քաղաքապետին ձերբակալել են խարդախության կասկածանքով, սակայն այստեղ կրկին տեսանելի են քաղաքական դրդապատճառներ։
"Ասկերանի քաղաքպետի ձերբակալության նույն պատմությունն է կրկնվում, Մարտակերտի քաղաքապետը իր հետ բերել է քաղաքին պատկանող ավտոմեքենա, Հայաստանում հաշվառման կանգնեցնելու հետ կապված նրանից ոստիկանությունը պահանջել է որ ավագանու որոշում լինի, եւ դա որակվել է որպես խարդախություն: Հիմա հարց է առաջանում, որ խարդախություն կամ հափշտակութուն է, ով է տուժողը, Ադրբեջանի՞ շահերն են պաշտպանում, կամ Ադրբեջանի հափշտակած Մարտակերտ համայնքի՞ շահերն են պաշտպանում: Երկու դեպքում էլ որեւէ մարտակերտցի կամ ասկերանցի խնդիր չի բարձրացրել: Այս մարդիկ այս անպատվաբեր պատվերն են ստանձնել, եւ միակ նպատակը, բնականաբար, քաղաքական է, որովհետեւ մի քանի օր առաջ Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել էր Արցախի իշխանությունների հետ: Ինչ աստիճանի եղկելի պատվերի հետ գործ ունենք",- նշել է իրավապաշտպանը։ Մելիքյանը կարծում է, որ այս ձերբակալություններով իշխանությունները փորձում են մեկուսացնել համայնքապետերին՝ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր մակարդակներով սպառնացել են արցախցիներին՝ երկրի գործող վարչապետի հրաժարականը պահանջող "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման հանրահավաքներին մասնակցելու համար: Իշխանություններն արցախցիներին սպառնացել են զրկել այն նպաստներից, որոնք նրանք այսօր ստանում են պետբյուջեից։