Արմինֆո.«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
«Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, եւ նա, ի նշան բողոքի, արդեն մեկ ամսից ավելի հացադուլ է հայտարարել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Մայիսի 23-ի երեկոյան համացանցում տարածվել են Նիկոլյանի և Երևանի օդանավակայանի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի կադրերը։ Տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու հնարավորություն ստեղծել: Նիկոլյանը գտնվում է "Զվարթնոց" օդանավակայանի չեզոք գոտում ՝ պարզաբանումներ պահանջելով իր մուտքը ՀՀ արգելելու հիմքերի վերաբերյալ: Ընդ որում, լրագրողը կասկածներ ունի, որ դա կարող է կապված լինել Ոսկեպարի թեմայի լուսաբանման հետ ։