Արմինֆո. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից. ստեղծվում է մի իրավիճակ, երբ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում փոխհատուցում ստանալը ամենաճիշտ լուծումն է թվում։ Այդ մասին մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի արձանագրություն-նկարագրության համաձայն, ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում Ադրբեջանին պետք է անցնեն երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատված և մոտ 50 հողամաս:
Դանիելյանը նշել է, թե պատահական չէ, որ սեփականության վկայականների հետ կապված խնդիրներ են բարձրաձայնվել, քանի որ այսօր դա դարձել է սպառնալիքի գործիք: "Նրանք հասկացնում են, որ եթե այսօր հանգիստ չվերցնեն այն, ինչ իրենց առաջարկում է պետությունը, ապա վաղը դա էլ կարող է չլինել", - ասել է ընդդիմադիրը ։
Նա նշել է, թե պատահական չէ նաև այն, որ այսօր որևէ մեկին թույլ չեն տալիս մտնել Կիրանց, քանի որ այնտեղ գործում են հատուկ ծառայություններ, ոստիկանական ուժեր, կառավարող ուժի ներկայացուցիչներ, որոնք սպառնալիքների, ճնշումների, ահաբեկման միջոցով համոզում են քաղաքացիներին համաձայնել փոխհատուցման։ "Յուրաքանչյուր կիրանցու բաժին է ընկնում 10-15 պաշտոնյա", - ընդգծել է նա:
Միաժամանակ, պատգամավորը նշել է, թե պետք չէ զարմանալ, որ կլինեն մարդիկ, ովքեր գործարքի կգնան իշխանությունների հետ, բայց կան նաև մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել մինչև վերջ:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Տավուշի Կիրանց գյուղի բնակիչներին նախկինում տրված անշարժ գույքի վկայագրերը սխալմամբ են տրվել, ինչի պատճառով չեն կարող իրավական հիմք հանդիսանալ՝ պնդելու, որ տվյալ տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս: Այս կերպ գերատեսչությունն արձագանքել է սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանի վերջերս տված հարցազրույցին։ Փորձագետը նշել էր, որ Կադաստրի կոմիտեն Կիրանց գյուղի բնակիչներին սեփականության իրավունքի գրանցման վկայականներ է տրամադրել, հետևաբար, այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածք են: