Արմինֆո. Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի մի շարք հարցումներ՝ որոշելու համար, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը Երևանին աջակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Սակայն նա չի հստակեցրել, թե ինչ հարցումների մասին է խոսքը։ Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: "Այդ խորհրդակցություններն անցկացվել են հենց նրա համար, որպեսզի պարզենք, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ը ու ԵՄ-ը Հայաստանին աջակցելու համար։ Եվ մենք առաջ ենք շարժվելու մի շարք տարբեր բնագավառներում", - ասել է Բլինքենը։ Վերջում նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիր: