Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝
1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ.
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ. 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա», - ասվում է հաղորդագրությունում: