Արմինֆո.Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևակսն ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։
Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։
Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն», - ընդգծել է իրանագետը։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Թավրիզ քաղաքում, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան նահանգում, վերջին հրաժեշտն են տալիս նախագահ Իբրահիմ Ռաիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրանց ուղեկիցներին, որոնք զոհվել են ավիավթարի հետեւանքով: Արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մահացել է մայիսի 19-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Ուղղաթիռը, որում եղել է նախագահը, ԱԳ նախարարը և երկրի այլ պաշտոնատար անձինք, կործանվել է Արևելյան Ադրբեջանում: Ռաիսին վերադառնում էր երկու պետությունների սահմանին Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ։ Ընդհանուր առմամբ, Ռաիսիի կորտեժում եղել է երեք ուղղաթիռ, մյուս երկուսը բարեհաջող վայրէջք են կատարել ։ Իրանի նախագահի լիազորությունները Իբրահիմ Ռաիսիի մահից հետո, Սահմանադրության համաձայն, անցել են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին: