Արմինֆո. Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսպես է մեկնաբանել Եկեղեցին հարկելու անհրաժեշտության վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը:
«Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են`
1. Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական ակցիաներ էին անում, ներկայացվող դիմումներին ի պատասխան իշխանությունը պատճառաբանում էր, թե այդ տարածքը հասարակական նշանակության է, և այդ ակցիաներն իրավաչափ են: Այսօր Խորհրդարանում հայտարարվում է, թե անընդունելի են գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կազմակերպած հավաքներն այդ նույն վայրում:
2. 2018թ. իշխանության ակնհայտ թողտվությամբ բռնության գործադրմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատուն մի խումբ անձանց բռնի կերպով ներխուժումը:
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները:
4. Անվտանգության նկատառումներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող մեքենայի ոստիկանական ուղեկցության վերացումը:
5. Անթույլատրելի բառապաշարով եկեղեցու ու հոգևորականներին վարկաբեկող գնահատականներն ու արժանապատվությանը, հեղինակությանը հասցված վիրավորանքները:
6. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հարկման ենթարկելու սպառնալիքը», որին արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են», - գրել է Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ մայիսի 21-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ կցանկանար հասկանալ, թե ինչու Եկեղեցու ներկայացուցիչները բիզնեսից վեր են, և ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում: "Անձամբ ինձ համար խոշոր հարկատուներն ամենակարևոր մարդիկ են, քանի որ հենց նրանք են ֆինանսավորում Հայաստանի անվտանգությունը", - ասել էր նա, միաժամանակ դժգոհելով այն փաստից, որ ցուցարարները հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, արձագանքելով Սիմոնյանի այս խոսքերին, նշել է, որ պնդումները, թե եկեղեցին հարկեր չի վճարում, մեղմ ասած, սուտ են: Այս համատեքստում Խաչատրյանը ԱԺ նախագահին մեղադրել է խոսքի ազատության եւ կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանի 1000 հարկատուների ցանկում է ։ 2023 թվականի արդյունքներով նա վճարել է ավելի քան 435 մլն դրամ ՝ ցուցակում զբաղեցնելով 758-րդ հորիզոնականը։ Իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով վճարել է ավելի քան 147 մլն դրամ ՝ տեղավորվելով 488-րդ տեղ։