Արմինֆո.Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն արձագանքել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Մկրտչյանի ՝ արցախցի լրագրողի հասցեին հնչեցրած հարձակումներին:
Նշենք, որ Մկրտչյանը Կիրանց գյուղում բողոքի ակցիաների ժամանակ, որի տարածքները միակողմանիորեն ՀՀ օրենսդրության խախտմամբ հանձնում են Ադրբեջանին, արցախցի լրագրողի դիտարկմանը, թե այդ համայնքի բնակիչների հետ կլինի նույնը, ինչ տեղի ունեցավ 120 հազար արցախահայության հետ, հանկարծ նրան հարց է ուղղել, թե որտեղից է լրագրողը։ Պատասխան ստանալով, որ՝ Արցախից, Մկրտչյանը ցինիկաբար հայտարարել է. "Իսկ ինչու՞ դուք այնտեղ չմնացիք: Ինչու՞ լքեցիք Արցախը":
Արձագանքելով Մկրտչյանի այդ հարձակումներին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումը, որն այսօր Տավուշի ոստիկանության պետն ուղղեց ֆոտոլրագրող David Ghahramanyan-ին, սովորական մի հարցադրում չէ, որ անում են կառուցողական երկխոսության ժամանակ։ Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող արցախցուն, երբ նպատակ են ունենում ասելու, որ Հայաստանը քո հայրենիքը չէ, և իրավունք չունես խոսելու։ Դա անում են դիտավորյալ՝ ցավեցնելու արտահայտված նպատակադրմամբ։ Ընդորում՝ այսօրվա ոստիկանը միակը չէ, որ այս ընթացքում նման հարցադրում է արել։ Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները։
Իսկ եթե հազարավոր տնավեր հայրենակիցների ամենօրյա ցավը տեսնելով՝ այնուամենայնիվ մարդը որոշում է նման հարցադրում անել, ուրեմն ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից»։