


Գիշերն ՙԱզատության՚ հրապարակում հանգիստ է անցել:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը հրապարակից, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներն ամբողջ գիշեր անցկացրել են այնտեղ, ոստիկանությունն ակցիային չի խոչընդոտել: Գիշերը հրապարակում է մնացել շուրջ 200 մարդ: Ակցիան կշարունակվի մինչև հունիսի 22-ը:
Նշենք, որ ՙՈ’չ թալանին՚ շարժման անդամները, ովքեր բողոքում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ, նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իշխանություններից պահանջել են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը և վերանայել նախկին սակագները: Ակտիվիստները, մասնավորապես, հայտարարել են, որ մտադիր են մինչև հունիսի 22-ը նստացույց անցկացնել ՙԱզատության՚ հրապարակում, և եթե մինչև այդ ժամկետն իշխանությունները չբավարարեն իրենց պահանջները, երթով կշարժվեն դեպի նախագահի նստավայրը: Նախօրեին Ոստիկանությունը նախազգուշացրել է ցուցարարներին, որ թույլ կտա ակցիայի անցկացումը մինչև 23:00-ն, իսկ դրանից հետո բոլոր ՙօրինական՚ մեթոդներով կցրի ցույցը: Ակցիայի մասնակիցների խոսքով, այդ նպատակով Ոստիկանությունը նույնիսկ պատրաստ էր օգտագործել ջրցան մեքենաներ և փշալարեր: Սակայն, օրվա վերջին փոխել է իր որոշումը և հայտարարել, որ չի խանգարի ակցիային, եթե ցուցարարները գործեն օրենքի շրջանակներում, չաղմկեն և չաղտոտեն:
Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագները բարձրացրել է 6.9 դրամով, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում կկազմեն շուրջ 50 դրամ: ՀԷՑ-ը պահանջում էր սակագները բարձրացնել 17 դրամով` հաշվի առնելով ընկերության միլիոնների հասնող վնասները: ՀԾԿՀ որոշումը և ՀԷՑ նախաձեռնություն հարուցել են Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների խիստ դժգոհությունը, որոնք գտնում են, որ սակագների բարձրացումը պայմանավորված է ոլորտի անարդյունավետ կառավարումով և խոշոր հափշտակումներով: ՀԷՑ-ն իր հերթին սպառնացել է, որ սակագները 17 դրամով չբարձրացնելու դեպքում ընկերությունը չի կարող երաշխավորել հանրապետությունում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:



