Արմինֆո.ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու գույժը: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը:
Դժվարին այս պահին թույլ տվեք, Ձե՛րդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն, մխիթարական խոսքեր եւ եղբայրական զորակցություն հայտնել Ձեզ, խորհրդարանի անդամներին եւ Իրանի բարեկամ ժողովրդին»:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև ուղեկցող պատվիրակության և անձնակազմի զոհվելու մասին լուրը: Ընդունեք իմ խորը ցավակցությունը և զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն: Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը»: