Արմինֆո. Իրանի Սահմանադրության համաձայն՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին: Այդ մասին գրում է «Էռ-Բե-Կա»-ն:
Իրանի Սահմանադրությունը սահմանում է, թե ով պետք է կատարի նախագահի պարտականությունները՝ նրա մահվան, ծանր հիվանդության կամ հրաժարականի դեպքում, և ինչպես է իրականացվելու իշխանության տարանցումը: "Նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության կամ հիվանդության դեպքում, կամ այն դեպքում, երբ նախագահության ժամկետն ավարտվել է, եւ խոչընդոտների պատճառով նոր նախագահը դեռ չի ընտրվել, կամ նման այլ հարցերի դեպքում, նրա լիազորություններն ու պարտականությունները ստանձնում է առաջին փոխնախագահը՝ ղեկավարության հավանությամբ",- նշվում է փաստաթղթում: Ներկայում փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է Մոհամադ Մոհբերը, որը մինչ այդ նշանակումը գլխավորում էր Իրանի նախկին հոգևոր առաջնորդ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի կարգադրությությունների կատարման շտաբը:
Ընդ որում, 50 օրվա ընթացքում խորհուրդը, որի կազմում են մեջլիսի խոսնակը, դատական իշխանության ղեկավարը եւ առաջին փոխնախագահը, պարտավոր են կազմակերպել երկրի նախագահի նոր ընտրություններ:
Իրանի կառավարությունը հանդես է եկել արտակարգ հայտարարությամբ՝ կապված երկրի նախագահի մահվան հետ: Նախարարները հավաստիացրել են, որ թույլ չեն տա երկրի կառավարման խափանումներ՝ չնայած ողբերգությանը։
Նախօրեին իրանական պատվիրակությունը երեք ուղղաթիռներով վերադառնում էր Ադրբեջանից։ Երկու ուղղաթիռները բարեհաաջող հասել են նպատակակետին: Մեկը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել՝ մառախուղի պատճառով։ Ուղղաթիռում եղել են ԻԻՀ նախագահը, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիկ Ռահմաթին ու ևս մի քանի իրանցի պաշտոնյա: Ուղղաթիռի որոնումները տևել են ավելի քան տասը ժամ։ Այսօր առավոտյան Իրանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը: