Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն։
Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»։
Նշենք, որ Իրանի Կարմիր0 մահիկի ընկերության ղեկավար Կոլիվանդի հաղորդման համաձայն, Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման արդյունքում բոլոր ուղևորները զոհվել են: Դեպքի վայրում ողջ գիշեր աշխատել են տասնյակ որոնողական խմբեր՝ չնայած ցուրտ եղանակին։ Գործողությունն իրականացվել է ցամաքային խմբերի օգնությամբ, քանի որ "եղանակային պայմանները թույլ չեն տվել օդից որոնողական աշխատանքներ իրականացնել":
Նշենք, որ մայիսի 19-ի օրվա երկրորդ կեսին Իրանից տեղեկություններ էին ստացվել, որ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը, որը վերադառնում էր Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգից, Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ՝ Արցախի օկուպացված տարածքներում, ամբարտակի բացումից հետո: Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահը, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլահ Մոհամմադ Ալի Ալ-Հաշիմը և Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին: Ընդհանուր առմամբ, նախագահական կորտեժում եղել է երեք ուղղաթիռ։ Tasnim-ի տվյալներով ՝ մյուս երկու ուղղաթիռներում եղել են էներգետիկայի նախարարը և ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության ղեկավարը, նրանք բարեհաջող հասել են իրենց նշանակված վայր: