Ազատության հրապարակում մեկնարկում է «Ոչ թալանին» շարժման հանրահավաքը` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, հրապարակում արդեն հավաքվել է մոտ 4000 մարդ: Ոստիկանները դեռ չեն երևում, իրավիճակն առայժմ հանգիստ է:
Ինչպես հայտարարում են ակցիայի կազմակերպիչները, նրանք չեն պատրաստվում կատարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անօրինական որոշումը և վճարել բարձրացված սակագներով: «Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը վերաբերվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, անկախ քաղաքական հայացքներից, հետևաբար, բոլորը պետք է պաքարեն դրա դեմ»,-հայտարարել են շարժման մասնակիցները: Նրանք ընդգծել են նաև, որ իրենց պայքարում գնալու են մինչև վերջ և մտադիր չեն իշխանությունների հետ գնալ երկխոսության:
Ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը և վերանայել նախկին սակագները: Նրանք հայտարարել են, որ վերջնական արդյունքին հասնելու համար մտադիր են պայքարը շարունակել փողոցում: Այդ կապակցությամբ նրանք որոշել են Ազատության հրապարակում սկսել նստացույց, մինչև հունիսի 22-ը: «Եթե մինչև այդ ժամկետն իշխանությունները չբավարարեն մեր պահանջները, մենք կշարժվենք դեպի նախագահի նստավայր»,-հայտարարել են նրանք:
Նշենք, որ ակցիայի միանալու իրենց մտադրությունների մասին հայտարարել են նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերը և «Հիմնադիր խորհրդարանը»: Հանրային ծառայույթունները կարգավորող հաձնաժողովը սակագները բարձրացրել է 6.9 դրամով, ինչի արդյունքում, էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում կազմեն մոտ 50 դրամ: ՀԷՑ-ը պահանջում էր սակագները բարձրացնել 17 դրամով, հաշվի առնելով ընկերության միլիոնների վնասները: ՀԾԿՀ որոշումը և ՀԷՑ նախաձեռնությունն առաջացրին Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանների կտրուկ բողոքը, որոնք գտնում են, որ սակագների բարձրացումը պայմանավորված է ոլորտի անարդյունավետ կառավարումով և խոշոր հափշտակումներով: Իսկ ՀԷՑ-ը սպառնացել է, որ սակագները 17 դրամով չբարձրացնելու դեպքում ընկերությունը չի կարող երաշխավորել հանրապետությունում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: